Հայաստանի մասին
Հայաստանի մասին
Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։
Նաև «Հայաստան» անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։
Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ (2017) բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է։
Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի համապետական հանրաքվեների արդյունքում։ Վանի թագավորությունը հիմնվել է մ․ թ․ ա․ 860 թվականին, որին մ․ թ․ ա․ VI դարում փոխարինել է Սատրապական Հայաստանը։ Մ․ թ․ ա․ I դարում՝ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքը հասնում է իր առավելագույն մեծությանը և հզորությանը։ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 3-րդ դարից մինչև վաղ 4-րդ դարն ընկած ժամանակահատվածում։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունվել մ․թ․ 301 թվականին։ Հին հայկական թագավորությունը վաղ V դարում բաժանվել է Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բագրատունիների կառավարման ժամակաշրջանում՝ 9-րդ դարում, Հայաստանը վերականգնել է իր պետականությունը։ Բյուզանդիայի դեմ պատերազմների պատճառով 1045 թվականին թագավորությունն անկում է ապրում, Հայաստանը գրավում են սելջուկ-թուրքերը։ 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին հիմնվել է Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։
XVI–XIX դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկնում է Օսմանյան և Պարսկական կայսրությունների իշխանության տակ։ XIX դարում Արևելյան Հայաստանը գրավվում է Ռուսական կայսրության կողմից․ Արևմտյան Հայաստանը՝ Հայաստանի մեծ մասը, դեռևս մնում է Օսմանյան կառավարման տակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցությունն իրականացնում է հայերի ցեղասպանությունը, որի արդյունքում 1915–1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ 1918 թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո, ոչ ռուսական պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, հռչակում են իրենց անկախությունը. հիմնվում է Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 1922 մարտի 12-ին Հայաստանը մտնում է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ (վերջինս 1922 թ. մարտի 12-ից մինչև 1922 թ. դեկտեմբերի 13-ը հանդիսանում էր Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միություն, 1922 թ. դեկտեմբերի 13-ից վերածվեց Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության), որն էլ, իր հերթին, 1922 թվականին դեկտեմբերի 30-ին դառնում է Խորհրդային միության հիմնադիր չորս անդամներից մեկը (Ռուսաստանի Դաշային ԽՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, Բելառուսական ԽՍՀ և Անդրկովկասի Դաշնային ԽՍՀ)։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան Դաշնությունը կազմալուծվում է, իսկ անդամ պետությունները, այդ թվում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, դառնում են խորհրդային հանրապետություններ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը հիմնվել է 1991 թվականին՝ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39 %-ը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախության օգտին։
Հայաստանը ՄԱԿ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և ավելի քան 40 այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը։ Հայաստանը աջակցում է դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետությանը, որն անկախացել է 1991 թվականին։